Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մեզնից շատ ավելի ուժեղներն անգամ մեծերի գլոբալ պայքարին խառնվելու շանս չունեն

 Մեզնից շատ ավելի ուժեղներն անգամ մեծերի գլոբալ պայքարին խառնվելու շանս չունեն
19.04.2024 | 21:11

Թվում է, թե մեր հարցերի վերաբերյալ կիսահայհոյախառն լեզվով անվերջ քննարկումները վաղուց արդեն դարձել են կոնտրպրոդուկտիվ, քանի որ մեր էության, հնարավորությունների ու նպատակասլաց գործել չկարողանալու հետ կապված ամեն ինչը պարզ ու հայտնի է, և այլևս այս ուղղությամբ խորանալու տեղ չկա։

Դրանից բացի, այս ուղղությամբ կարելի է բազմաթիվ ճիշտ բաներ ասել, որոնք, հնարավոր է, որ ոչ մի կապ չունենան մեր հիմնական հարցի լուծման հետ և որևէ ձևով չազդեն մեր հետագա ընթացքի վրա։

Նման բան ասելու հիմքում ընկած է հետևյալ տրամաբանությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզնից շատ ավելի ուժեղներն անգամ որևէ ձևով մեծերի գոյաբանական գլոբալ պայքարին խառնվելու շանս չունեն, պարզ է դառնում, որ մեր խեղճուկրակ հնարավորություններով այդ ուղղությամբ որևէ բանի լրջորեն խառնվելը հեքիաթների ժանրից է։

Այսինքն, մենք գործ ունենք հետևյալ պարզ ճշմարտության հետ։

Եթե կիսաուժեղները մեծերի գործերին խառնվելու գոնե իմիտացիա կարող են անել, ապա թույլերը դա էլ չեն կարող անել, և այս ուղղությամբ կարիկատուրային փորձերը պարզապես անիմաստ են։

Սա նշանակում է, որ մեծերի պայքարը, որը կարող է լինել հավասարակշիռ կամ անհավասարակշիռ, կծնի ապագայի տարբեր բնույթի գլոբալ սցենարներ, և մյուս բոլորի ապագաների հետ կապված սցենարները այդ գլոբալ սցենարների ածանցյալներն են լինելու՝ հաշվի առնելով ներքևինների սեփական հզորություններն ու փոխադարձ հնարավոր կոմպրոմիսները։

Պարզ է, որ նրանք էլ, որոնց ուժն ու հզորությունը պահանջվող մինիմալ շեմից ցածր են, որևէ կոմպրոմիսի խառնվելու շանս չունեն։

Այս իմաստով, մեր ապագայի սցենարները կլինեն ուրիշների սցենարների ու նրանց միջև կոմպրոմիսների արդյունք։

Դա նշանակում է, որ ավելի նպատակահարմար է մեր ջանքն ու եռանդը մղել ուրիշների արածը հասկանալուն, թեկուզև դրա համար լուրջ ինֆորմացիա չունենք, քան շարունակենք միկրոսկոպի տակ մեր թերություններն ու անպիտան լինելը քրքրել։

Ընդհանրապես, թույլերի նորմալ կյանքին խանգարող հիմնական բաներից մեկը նրանց իրատես կամ պրագմատիկ չլինելն է։

Եթե մենք փորձենք մի փոքր ավելի իրատես լինել, ապա կտեսնենք, որ մեր հատկություններն ու հոգեբանությունը, ինչքան էլ դրանք լավը կամ վատը լինեն, մեր ապագայի հետ կապված լուծումների վրա ազդելու աննշան շանս ունեն։

Բայց դա նաև չի նշանակում, որ մեր էության ճանաչումը կարևոր չէ, քանի որ այն շատ օգտակար կարող է լինել այն դեպքում, երբ մենք ապագայում ձեռք կբերենք որևէ տեսակի կայուն գոյավիճակ և կփորձենք դառն անցյալից դասեր քաղել։

Եվ, եթե մեր հիմնական նպատակը ապրելն է, ապա մեր էության լավ կողմերն էլ, վատ կողմերի նման, մանրակրկիտ ուսումնասիրության արժանի են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ